Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Բողոքի ցույցեր և 100-ի հասնող բերման ենթարկվածներ. Ղազախստանում ընտրական լարված վիճակ է

«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել  պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։

«Մաղթում եմ ձեզ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում բոլոր նպատակների իրականացման գործում՝ հանուն խաղաղության, առաջընթացի և Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և բարելավել մեր ժողովուրդների ու երկրների հարաբերությունները: Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկխոսության հետագա զարգացման ու համագործակցության ուղղությամբ»,– նշված է Փաշինյանի ուղերձում:

Հիշեցնենք, որ հունիսի 9–ին Ղազախստանում կայացած  նախագահական ընտրություններում հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։  Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալներով` նա ստացել է 70.76 տոկոս ձայն։

Նախագահական ընտրություններին մասնակցել են յոթ թեկնածու։

Ղազախստանում նախագահական ընտրություններն արտահերթ էին, քանի որ շուրջ 30 տարի երկիրը ղեկավարելուց հետո Նուրսուլթան Նազարբաևը այս տարվա մարտի 20-ին հայտարարել էր հրաժարականի մասին։