Ալիբասովի աղին այրվածքների պատճառով կարող է խցանվել. որդին մանրամասներ է հայտնել

«Նա–Նա» փոփ խմբի հիմնադիր, 72 տարեկան պրոդյուսեր Բարի Ալիբասովի առողջական վիճակն անհանգստացնում է ընտանիքի անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Երաժիշտ և պրոդյուսեր Բարի Ալիբասովն արդեն չորրորդ օրն է` դեղորայքային կոմայի մեջ է։ Այս մասին Ալիբասովի որդին` Բարի կրտսերը, ասել է «Կոմսոմոլսկայա պրադվա» պարբերականին։

Բարի Ալիբասովը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է

Նրա խոսքով` դեղորայքային կոման անհրաժեշտ էր, որպեսզի պրոդյուսերի բոլոր ուժերն ուղղվեն վերականգնմանը։ Ինչ վերաբերում է թոքերի ու ստամոքսի վիճակին, ապա այդ օրգաններն ապաքինվում են։ Ընտանիքի ամենամեծ մտահոգությունը աղին է, որը մնացած օրգաններից դանդաղ է լավանում։

«Բանն այն է, որ հորս այրվածքներից մեկի պատճառով աղին կարող է խցանվել», – անհանգստացած ասել է կրտսեր Ալիբասովը։

Տղամարդը հերքել է ԶԼՄ–ներում տարածվող տեղեկությունը` հոր ճերմակ տենդի ու ինքնազգացողության վատացման մասին։ Բարին ընդգծել է, որ երաժիշտի վիճակը կայուն ծանր է, թեև կյանքին արդեն ոչինչ չի սպառնում։

Նշենք, որ Բարի Ալիբասովը հունիսի 4–ին հիվանդանոց էր տեղափոխվել կերակրափողի և ստամոքսի այրվածքով։ Ըստ տեղեկությունների` Ալիբասովը խողովակները մաքրելու համար նախատեսված հեղուկ է խմել։ Նրա որդին արդեն հերքել է ինքնասպանության փորձի հավանականությունը։

Քանի դեռ պրոդյուսերի որդին հոր մոտ է` հիվանդանոցում, Ալիբասովի կինը` Լիդիա Ֆեդոսեևա–Շուկշինան, փաստաթղթեր է հավաքում, որպեսզի դատի տա «Կրոտի» արտադրողին, քանի որ այդ հեղուկի շիշը հեշտությամբ կարելի է շփոթել հյութի կամ յոգուրտի շշի հետ։