Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

Երբեմն XXI դարը խելահեղ է թվում գեղեցկության չափանիշների տեսանկյունից։ Եթե դուք կարծում եք, որ սիլիկոնե իմպլանտը կրծքում, գիալուրոնը շրթունքներում և բոտոքսը շատ ցավոտ են ու անբնական, ապա ուղղակի թերթեք պատմության էջերը։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Լոտոսային» ոտքեր

Առաջին անգամ նման բան տեսա 15 տարի առաջ  Մոսկվայի թանգարաններից մեկում։ Զբոսավարը մեր ուշադրությունը հրավիրեց կանանց նրբագեղ փոքրիկ երկարաճիտ կոշիկներին։ Պատկերացրեք մեր զարմանքը, երբ նա հաղորդեց, որ այդ կոշիկներն իրական կանայք են կրել։ Ինչպես պարզվեց, հին Չինաստանում անչափ գեղեցիկ են համարվել փոքրիկ ոտքերը, որոնք կոչել են «լոտոսային»։ Աղջիկների ոտքերի բոլոր մատները, բացի բութ մատից, կապել են և ստիպել քայլել փոքր չափսի կոշիկներով, ինչի հետևանքով ոտնաթաթերը դեֆորմացվել են՝ երբեմն զրկելով ապագայում քայլելու հնարավորությունից։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

«Այո, նման ոտքերով աղջիկներին ներկայացրել են «սկուտեղի վրա», նստած, որպեսզի տղամարդիկ հիանան նրանցով», - բացատրեց զբոսավարը։

Համարվել է, որ բարձրաշխարհիկ հասարակությանը պատկանողը տիկինը չպետք է քայլի։ Առողջ ոտքերն ասոցացվել են գյուղացիական աշխատանքի և ցածր ծագման հետ։ Ոտնաթաթի չափից կախված է եղել հարսնացուի հեղինակությունը։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

Բարակ մեջք

XVIII դարում ամբողջ Եվրոպայում նորաձև է եղել չափազանց բարակ մեջքը. այն սարսափելի հետևանքներ է ունեցել կանանց համար։ Կանանց կազմվածքը պետք է հիշեցներ ավազի ժամացույց, ուստի իրանը ձիգ կապել են կորսետով։ Այդ կոշտ առարկան երկարատև կրելու հետևանքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներքին օրգանները սեղմվում էին և տեղաշարժվում։ Ռեկորդակիրներ են եղել, որոնց մեջքի բարակությունը կազմել է ընդամենը 34-37 սմ։ Սակայն հայտնի է ողբերգական դեպք, երբ 23-ամյա աղջիկը պարահանդեսից հետո մահացել է, որովհետև կորսետի սեղմած երեք կողերը մտել են երիկամի մեջ։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

Փոքր կուրծք

Միջնադարյան ասկետիզմն իր հետքն է թողել գեղեցկության ընկալման վրա։ Ելնելով քրիստոնեական աշխարհայացքից և Աստվածամոր պաշտամունքից՝ գեղեցկության կանոն է համարվել փոքր, գրեթե հարթ կուրծքը։ Նորաձև տեսք ունենալու ձգտման մեջ աղջիկները մարմնի այդ հատվածը ձիգ փաթաթում էին մետաղական թիթեղներով։ Հաճախ նման կերպ էին վարվում դեռ անչափահաս աղջիկների հետ, որպեսզի կանխեն կաթնագեղձերի զարգացումը։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

Մեծ որովայն

Մինչ ժամանակակից աղջիկները տանջվում են մարզասրահում՝ պիրկ որովայն ունենալու համար, XIII-XVI դարերի կանայք, կեցվածք ընդունելով նկարիչների համար, հաճախ բարձ են դրել փորի տակ, որպեսզի այն ավելի մեծ երևար։ Այո, մեծ, երբեմն կախ ընկած փորը Եվրոպայում համարվել է գեղեցկության հիմնարար չափանիշներից մեկը, ինչը, ի դեպ, լիովին տրամաբանական է, չէ՞ որ կնոջ գլխավոր կոչումը երեխա ունենալն է։ Ուստի գեղեցիկ սեռը պահպանում էր շարունակական հղիության վիճակը։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

Այնու կանանց դաջվածք-ժպիտները

Դուք իսկապե՞ս կարծում եք, որ շրթունքների մեջ գիալուրոնային թթու լցնելը դաժան է և անբնական։ Ասենք, որ դա ընդամենը չարաճճիություն է նրա համեմատ, ինչ արել են այնու ցեղի կանայք հնում։

Յոթ տարեկանից Ճապոնական կղզիներում ապրող այս խեղճ աղջիկներին ժպիտ են «նկարել»։ Դա արել է տատիկը կամ մայրը։ Երեխայի շրթունքների մոտ կտրվածքներ են արել և մեջը շատ տաք մոխիր լցրել։ Դրանից հետո շրթունքներն այրվել են։

Գեղեցկությունը զոհեր է պահանջում. չափանիշներ, որոնք մահվան դուռ էին տանում աղջիկներին

Շատերի մոտ տենդ է սկսվել, հայտնվել են մեծ այտուցներ։ Սակայն ոչ ոք չէր կարող խուսափել այդ ճակատագրից, քանի որ համարվում էր՝ առանց դաջվածքի աղջիկը չի կարող ամուսնանալ, իսկ մահից հետո՝ հանգիստ գտնել հանդերձյալ աշխարհում։ Ամեն ինչ այդքան լուրջ էր։ Ջոկերի այդ ժպիտի վրա աշխատել են տարիներ շարունակ, իսկ եզրափակիչ փուլը կատարվել է ամուսնության օրը։ Զարմանալի է, որ նման նորաձևությունը պահպանվել է մինչև XX դարի վերջը։