ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Երևանյան շենքերից մեկի 7-րդ հարկից ընկած 2 տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Վերակենդանացման բաժանմունքի վարիչ բժիշկ-ռեանիմատոլոգ Աննա Չոբանյանը։
«Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, միացված է արհեստական շնչառություն: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ է սպառնում»,– ասաց նա։
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող փոքրիկին հսկում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները։
Երեխան այս բուժկենտրոն է ընդունվել երեկ երեկոյան, 23:00-ին։ Նա ծայրահեղ ծանր վիճակում է եղել։
Հիշեցնենք` երեկ երեկոյան 2 տարեկան աղջնակն ընկել էր Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 18-րդ շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից:
Տուժած երեխան նախ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա այնտեղից` «Սուրբ Աստվածամայր»: