ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել Երևանում։ Ինչպես հայտնում է Ոստիկանության տեղեկատվության ու հասարակայնության բաժինը, խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության, զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարք դրսևորելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։
Նրանց թվում եղել են քաղաքացիներ, որոնք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և անհարգալից վերաբերմունք են դրսևորել ոստիկանների նկատմամբ։
Ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել է 74 իրավախախտ վարորդների, որոնց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
«Նրանցից 12-ը մեքենան վարում էր ալկոհոլի ազդեցության տակ, 3-ը՝ փոխարինված համարանիշներով, 2 վարորդ էլ մեքենաներով, այսպես ասած՝ դրիֆթում էին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և բնակիչների նկատմամբ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաև 6 մոտոցիկլ ու երկու հետախուզվող մեքենա։ Հայտնաբերվեցին նաև բարձր ձայնով երթևեկելու համար նախատեսված խլացուցիչներով` 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 23, թաղանթապատված դիմապակիով՝ 15 տրանսպորտային միջոց»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվելու են պարբերաբար, իսկ իրավախախտների նկատմամբ ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։