Սարգսյանը խոսել է իր ու վարչապետ Փաշինյանի հարաբերության մասին

ՀՀ նախագահն անդրադարձել է իր անձի շուրջ տարածված լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հետ աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունի։ Այս մասին այսօր Դիլիջանում ընթացող «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Այս պաշտոնում եմ երկրին, ժողովրդին ծառայելու համար»,-ասել է Սարգսյանը` արձագանքելով մամուլի այն տեղեկություններին, որ իր ու Փաշինյանի հարաբերությունները լարված են։

Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ–ն փոշմանել է, որ Ամեն Սարգսյանին է հանձնել նախագահի աթոռը, ՀՀ նախագահն այսպես է պատասխանել. «Ես չեմ եկել նախագահի աշխատանքը կատարելու, որ բոլորն ուրախ լինեն։ Ես եկել եմ, որ ծառայեմ մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդի ապագային և ձեզ»։

Նշենք, որ ՀՀ նախագահը, վարչապետն ու գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն այս պահին մասնակցում են Դիլիջանում ընթացող «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։

Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը». մանրամասնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Յուրաքանչյուր տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովն» այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Միջոցառումը Հայաստանում կազմակերպելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել Արմեն Սարգսյանը։

Հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել 200-300 հոգու համոզել, բերել Հայաստան, ՀՀ նախագահը կատակով պատասխանեց. «Ես համոզելու մի քանի գաղտնի ձև գիտեմ»,– ասել է նախագահը` խոստանալով հետո այդ գաղտնիքները հայտնել լրագրողներին։

Հայաստանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով: