«Սադրիչներին մի լսեք». Զախարովան թարմացրել է Փաշինյանի ելույթին վերաբերող գրառումը

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչու է սոցցանցի իր էջում հրապարակել Փաշինյանի ելույթի հատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրացում է արել Facebook–յան գրառման մեջ, որում նա մեջբերել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։

Ռուսաստանն ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովում Փաշինյանի ելույթից հետո Զախարովան գրառում էր արել սոցցանցում. «Փաշինյանը Պիտերի ֆորումին. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»»։

Համացանցում այս գրառումը բուռն արձագանք էր գտել, սկսել էին տարբեր մեկնաբանություններ անել, որովհետև շատերը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գրառումը որպես հեգնանք էին ընկալել։

Դրանից հետո Զախարովան գրել է, որ խնդրել են պարզաբանել իր վերաբերմունքը Փաշինյանի մեջբերման վերաբերյալ, և նա հրապարակել է ՀՀ վարչապետի խոսքն ամբողջությամբ` նշելով իր կարծիքը։

««Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն։ Դրա համար միայն մեկ ճանապարհ կա. այն կոչվում է փոխզիջում։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Փոխզիջման հասնելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը` միմյանց շահերի ըմբռնում և հարգանք այդ շահերի նկատմամբ»։ Հատուկ օժտվածների համար պարզաբանեմ` տարողունակ էր, պոզիտիվ և հիանալի։ Ինձ շատ դուր եկավ։ Իսկ սադրիչներին մի լսեք», – գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը կայացավ հունիսի 6-8–ը։ Համաժողովի միջոցառումները միավորվել էին «Կայուն զարգացման օրակարգը ձևավորելիս» կարգախոսով։ Համաժողովի ընթացքում, բացի ՀՀ վարչապետից, ելույթ ունեցան նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ու Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին։