Կեցցեն մեր ֆուտբոլիստները. Հայաստանը ջախջախեց Լիխտենշտեյնին

Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը գրանցեց Եվրո-2020-ի ընտրական խմբում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Եվրո 2020-ի ընտրական փուլում կայացած Հայաստան–Լիխտենշտեյն հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանուն հաղթեց Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ։

Հանդիպման առաջին վայրկյաններից Հենրիխ Մխիթարյանը ագրեսիվություն հաղորդեց մեր ընտրանու խաղին, և երկրորդ րոպեին մարզադաշտն արդեն տոնում էր հայ ֆուտբոլիստների հաջողությունը: Վարազդատ Հարոյանի գերազանց փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը սառնասրտորեն շրջանցեց մրցակցի դարպասապահին ու բացեց խաղի հաշիվը:

Կեցցեն մեր ֆուտբոլիստները. Հայաստանը ջախջախեց Լիխտենշտեյնին

Բնականաբար, արագ գոլը մեծ ոգևորություն հաղորդեց մեր հավաքականին, որը մինչև ընդմիջում բացահայտ առավելություն ուներ խաղային բոլոր գործոններով: Մեր հավաքականը կատարեց 21 հարված, իսկ մրցակիցը` ընդամենը 1:

Կեցցեն մեր ֆուտբոլիստները. Հայաստանը ջախջախեց Լիխտենշտեյնին

Պարզ է, որ վաղ թե ուշ մերոնք պետք է հասնեին նոր հաջողության: Եվ երկրորդ գոլը չուշացավ։ Գևորգ Ղազարյանի հարվածը Լիխտենշտեյնի դարպասապահ Թոմաս Հոբին հետ մղեց, բայց վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը: Ընդ որում, եթե չլիներ Հոբիի գերազանց խաղը, մեր թիմը, անկասկած, ավելի խոշոր հաշվով առջևում կլիներ: Այսպիսով խաղը հուշում էր, որ Հայաստանի ընտրանին պետք է տոնի իր առաջին հաղթանակը, բայց առջևում դեռ մեկ խաղակես էլ կար:

Երկրորդ խաղակեսում հյուրերը փորձում էին հավասարեցնել խաղը, և Լիտենշտեյնը առնվազն երկու անգամ կարող էր հասնել հաջողության (երկու դեպքում էլ` մեր ֆուտբոլիստների կոպիտ սխալի պատճառով): Նախ դարպասապահ Արամ Հայրապետյանի սխալից հետո Տարոն Ոսկանյանը հանեց գնդակը անպաշտպան մնացած դարպասից, այնուհետև Ոսկանյանի սխալից հետո Հայրապետյանը փրկեց մեր թիմին Դենիս Սալանովիչ հետ դեմ առ դեմ պայքարում:

Կեցցեն մեր ֆուտբոլիստները. Հայաստանը ջախջախեց Լիխտենշտեյնին

Սխալները զգաստացրին մեր հավաքականին, ու ֆուտբոլիստները նորից մի քանի անգամ կարող էին փոփոխություն մտցնել հաշվի մեջ:

Մխիթարյանի հարվածը հետ մղվեց դարպասաձողից, Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Համբարձումյանը չօգտագործեցին իրենց հիանալի հնարավորությունները: Իսկ ահա Տիգրան Բարսեղյանը իր շանսը օգտագործեց մեր թիմի հաղթանակը վերածելով խոշոր հաշվով հաջողության: