ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաև կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր: Հանդիպմանը ներկա էր Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:
Ուրախություն հայտնելով Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլև միտված է նպաստելու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների և գործակցության առավել զորացմանը:
Նորին Սրբությունը վերհիշեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի և իր ուսումնառության տարիները, անցած հոգևոր ծառայության ուղին: Վեհափառ Հայրապետը կարևորեց նման այցելությունները` անդրադառնալով նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: