Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը

«Մտքերի հայկական գագաթնաժողովում» Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարում տեղի է ունենալու «հայ ժողովրդի փառավոր վերածնունդը», քանի որ մտքի դարում հայերն ունեն միտք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Մարդու գլխում մտքերն ավելի շատ են, քան աստղերը երկնքում։ Այսօր Դիլիջանում ընթացող «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սարգսյանը խոսել է իր ու վարչապետ Փաշինյանի հարաբերության մասին

«Ողջ քաղաքակրթությունը հիմնված է մեկ գործոնի վրա, և դա մարդկային միտքն է»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են մարդկային մտքի ոլորտում։ Տնտեսական զարգացումը հասել է մի մակարդակի, երբ մարդկային միտքն այլևս չի բավարարում ու մարդիկ սկսել են արհեստական բանականություն ստեղծել։

«Համաշխարհային տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, մարդկային, տաղանդի և ինտելեկտի վրա»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը` Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ 21-րդ դարում տեղի է ունենալու «հայ ժողովրդի փառավոր վերածնունդը»։

«Որովհետև երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք։ Եվ ահա եկել է մտքի դարը, և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հիմնական խնդիրն է Հայաստանը դրախտավայր դարձնել տաղանդավոր մարդկանց համար, ստեղծել միջավայր, որտեղ մարդու տաղանդն աճի, զարգանա ու դրսևորվի։

Հիշեցնենք` Դիլիջանում այս պահին ընթանում է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որին ներկա են ՀՀ նախագահը, վարչապետն ու գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները։

Յուրաքանչյուր տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովն» այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։