Երբ Երևանը դեռ Էրիվան էր, Թարխանովսկայա փողոցը սկսվում էր Շաար կոչվող թաղամասում, իսկ մյուս ծայրը հասնում էր առվին: Այնուհետև Կոնդի բլուրն էր, և քաղաքն այդքանով ավարտվում էր: Փողոցը միշտ կենտրոնական է եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքը դեռ մայրաքաղաք չէր և կազմված էր միայն կենտրոնից:
Դեռ 1921-ին Թարխանովսկայա փողոցը վերանվանեցին հեղափոխական բոլշևիկ Բոգդան Կնունյանցի անունով: Ի դեպ, բոլշևիկը մինչև հեղափոխություն չի ապրել, մահացել է բանտում, բայց նրա ավանդը փոքր չի եղել հեղափոխական շարժման մեջ, և նոր իշխանությունը գնահատել է դա՝ փողոցի վերանվանմամբ: Բայց 1949-ին Կնունյանցը երևի ինչ-որ բանով դուր չի եկել կոմունիստներին, և փողոցը սկսել է կոչվել Ալեքսանդր Պուշկինի անունով: Հիմա էլ է Պուշկինի փողոց կոչվում` չնայած այդ ընթացքում տեղի ունեցած քաղաքական և մշակութային բոլոր իրադարձություններին: Թվում է՝ ոչ ոք չի պատրաստվում կրկին վերանվանել այն: Հետո էլ՝ ինչո՞ւ:
Այս փողոցի բախտն ավելի շատ է բերել, քան մյուս կենտրոնական փողոցներինը. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից մինչև Կոմպոզիտորների տան աստիճանների մոտ տանող հատվածում գրեթե չկա այն, ինչը նորաոճ ճարտարապետական արգասիք է: Ու պահպանել է իր կոլորիտը և կենտրոնի՝ համեմատաբար խաղաղ փողոցի հմայքը: Հապա բակերը, բակե՜րը...
Իհարկե, լուրջ կորուստ է եղել. Աֆրիկյանների տունն ընդմիշտ կորսվել է: Իսկ այդ վնասարարության համար ոչ ոք պատասխան չի տվել. միգուցե այդ օրն էլ գա: Տեսնենք:
…Իսկ հիմա ավելի լավ է մտնել Պուշկինի փողոց, այսպես ասած՝ «թիկունքից». բլրից գլորվել Կոմպոզիտորների տան աստիճանների մոտ. դրանք կտանեն, ուր պետք է: Մենք դեռ երիտասարդ տարիներին այդպես էինք զբոսնում:
Մեր շարքերում, ինչպես այն ժամանակ կասեին, կար Վովա Բելով անունով երևանցի ռուս տղա: Անցնում էինք Դեմիրճյան փողոցով, գնում Կոմպոզիտորների տուն, որպեսզի իջնենք քաղաք: Վովայի ամբողջական անուն-հայրանունը Վլադիմիր Իլյիչ էր, և նա սովորություն ուներ բարձրանալ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի շենքի (այժմ այնտեղ ԱԺ–ն է) տարածքի պարիսպի մոտ աճած ծառի վրա: Այդպիսի զվարճանք էր. Վովան բարձրանում էր ծառը, իսկ մենք իսկույն ձայնում էինք նրան, թե. «Անհարմար է, ախր, Վլադիմիր Իլյի՛չ, իջեք ծառից, ինչպես չեք ամաչում»:
Մեզ ոչ մի Կա-Գէ-Բէ էլ չէր բռնում, և մենք վազում էինք ներքև՝ հենց Պուշկինի փողոց` ստվերախիտ, զով և սակավամարդ ու այդ ժամանակ գրեթե առանց ավտոմեքենաների:
Պուշկին և Սարյան փողոցների անկյունում էր ապրում լուսահոգի Արեգ Նազարյանը` երաժիշտ, ռեժիսոր, օպերատոր, լուսանկարիչ, ծովագնաց, մարզիկ, զինվոր... Եվ չես կարող ասել, թե նրա մեջ ինչն էր շատ. մի խոսքով` նկարիչ: Նա ինձ համար բացահայտել էր այդ փողոցի բակերի մեջ թաքնված փոքրիկ եկեղեցին:
Սուրբ Անանիայի շիրիմի վրա կառուցված մատուռը կանգուն էր դեռ «առակային և գազանային քրիստոնեության ժամանակներից», ինչպես արտահայտվել է Օսիպ Մանդելշտամը: Իսկ 17–րդ դարի առաջին կեսին վարդապետ Մովսես Սյունեցին այդ վայրում վանական համալիր է կառուցել` դպրոցով, ամրոցի պատերով, ամեն ինչով: Այդ համալիրը, սակայն, երկար կյանք չի ունեցել. այն ամբողջովին քանդվել է 1679թ-ի ուժեղ երկրաշարժի հետևանքով:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1694թ–ին Խոջա Փանոսի միջոցներով` այդ ժամանակների ամենահարուստ քաղաքացիներից մեկի, և այդ տեսքով հասել մինչև մեր օրերը: 1978թ-ին եկեղեցին ողբալի վիճակում է եղել, բայց մեծն կաթողիկոս Վազգեն I–ը նախաձեռնեց վերականգնել այն, և հիմա Սուրբ Զորավորը հիանալի տեսք ունի:
Դուրս գանք եկեղեցուց և վերադառնան փողոց: Հիսուն մետր այն կողմ՝ սև տուֆից յուրահատուկ շենք կա, որը երևանցիներին հայտնի է որպես Դեղատների գլխավոր վարչության շենք՝ «Ապտեկուպրավլենի»: Շենքը կառուցել է ճարտարապետ Գուրեցկին 1880–ականներին` որպես հակահամաճարակային կայան՝ դեղորայքի պահեստով:
1942թ–ի հունվարին այդ շենքում քիմիական–դեղագործական գործարան է աշխատել, որի ամբողջ արտադրանքն ուղարկվել է ռազմաճակատ: Այնուհետև այստեղ գտնվել է Հայաստանի Դեղատների գլխավոր վարչությունը` անհիշելի ժամանակներից աշխատող դեղատնով:
Իսկ 20–րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Միրզոյանի կառուցած թիվ 38 տանը, որը պատկանել է Առաքել Աֆրիկյանին, որոշ ժամանակ ապրել է գեներալ–մայոր Մովսես Սիլիկյանը` ծագումով ուդին: Լեգենդար անձնավորություն է եղել. նա օսմանների դեմ պատերազմել է Կովկասյան ճակատում, դարձել Էրզրումի ամրոցի առաջին պարետը 1916թ-ին ռուսական զորքերի կողմից քաղաքը գրավելուց հետո, իսկ 1918թ–ի մայիսին եղել է զորահրամանատարներից մեկը, որը ջախջախել է թուրքերին Սարդարապատի ճակատամարտում:
Ի դեպ, նրա մոտ ծառայել է Հովհաննես Բաղրամյանը, որը, իհարկե, դեռ մարշալ չէր: Տարիներ անց Բաղրամյանը Սիլիկյանին կանվանի «այդ ժամանակվա ամենաօժտված հայ գեներալը»:
Պուշկին–Նալբանդյան փողոցների անկյունում կա յուրահատուկ երկհարկանի տուն: Մի ժամանակ այն պատկանել է հայտնի գինեգործ Վասիլի Թաիրովին, և այդ տան նկուղում գտնվել է Հայաստանով մեկ հայտնի գինու մառանը: Ի դեպ, հենց այդ տան բակում է Երևանում առաջինը ծորակից ջուր հոսել. նկատի ունենք մշտական ջրամատակարարումը:
Իսկ հենց հարևանությամբ՝ Հրշեջ մասի շենքն է: Առաջին հայացքից իր ճարտարապետությամբ ոչ միանշանակ, այն, այնուամենայնիվ, ներդաշնակվում է Սախարովի ոչ մեծ հրապարակի ընդհանուր տեսքին՝ դառնալով դրա ավարտունության տարրերից մեկը:
Եթե անցնես հրապարակը և ուղիղ շարունակես ճանապարհը, ապա կհայտնվես Վարդանանց փողոցում: Դա նույնպես յուրահատուկ փողոց է՝ հետաքրքիր շենքերով և մարդկանցով, որոնք մի ժամանակ ապրել են այստեղ: Թեև սա բոլորովին այլ պատմություն է...