Ադրբեջանն Արցախի ուղղությամբ նռնականետ ու ականանետ է կիրառել. ՊՆ

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը ու կրակել արցախյան դիրքերի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ)»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: