Ոստիկանները կոտրել են Խաժակյանի ազգականի քիթը. ավագանու անդամը մանրամասներ է հայտնել

Դավիթ Խաժակյանը հույս ունի, որ իր ազգականին հարվածած ոստիկանները կազատվեն աշխատանքից ու կկալանավորվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնում է Facebook սոցիալական կայքի իր էջում։

«Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել մերձավորներիցս մեկի հետ։ Երբ նա կողպելիս է եղել իր վարձակալած տարածքի դուռը, մոտեցել են երկու հարբած սևազգեստ անձինք և հարցրել, թե ո՞վ է, ի՞նչ է անում այս տարածքում նա։ Մերձավորս նշել է, որ տարածքի տերն է ու հարցրել, թե ովքե՞ր են այդ տղամարդիկ։ Ի պատասխան նրանք նշել են, որ ոստիկաններ են ու ցույց են տվել իրենց վկայականները։ Հետո այդ հարբած ոստիկանները հարվածելով և քաշքշելով ազգականիս նստեցրել են մեքենայի մեջ և բաժին տարել»,– ասում է Խաժակյանը։

Նա նշում է նաև, որ ոստիկանության բաժնի մոտ ևս մի քանի ոստիկան է մոտեցել նրանց ու էլի սկսել են հարվածներ հասցրել իր ազգականին։ Դրանից հետո մի ոստիկան ճանաչել է Խաժակյանի բարեկամին ու ասել, որ նա իրոք հանդիսանում է այդ տարածքի տերը։ Դրանից հետո նրան բաց են թողել։ Այդ ընթացքում, սակայն, ըստ Խաժակյանի` ոստիկանների հասցրած հարվածներից իր բարեկամի քիթը կոտրվել է, ինչը հավաստող փաստաթուղթ էլ ունեն։

«Այսինքն` իմ ազգականին հարվածած սևազգեստ անձինք եղել են ոստիկաններ։ Ակնկալում եմ, որ այդ սևազգեստների վրա կկապեն գույնզգույն բաբոչկաներ և նրանք պետք է իրենց պատիժը կրեն` նախ ազատվեն աշխատանքից, հետո արդեն կալանավորվեն»,- ասում է Խաժակյանը։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ օպերատիվ տեղեկություններ ունեն, որ որոշ մարդիկ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել։

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ են ստացել, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։ Այնուհետև Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ , ոստիկանության պետի  հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։