ՌԱԴԻՈ

Ավագյան. «Ոչխարներին պետք է խուզել, դա պարտադիր պրոցես է, որ սար թեթև բարձրանան»

Այս տարի 5 րդ անգամ Սյունիքի մարզում կանցկացվի «Ոչխարների խուզման փառատոնը»։ 16 խուզող 4 փուլով կմրցեն և ժյուրին կընտրի լավագույնին` ամենաարագ ու ամենաորակով խուզողին։
Sputnik
Ավագյան. «Ոչխարներին պետք է խուզել, դա պարտադիր պրոցես է, որ սար թեթև բարձրանան»

Փառատոնի կազմակերպիչներն ու մասնագետները  հանգստացնում են այն մարդկանց, ովքեր ոչխարի խուզը համարում են դաժանություն կենդանու նկատմամբ. դա պարտադիր պրոցես է, առանց խուզի հնարավոր չէ։

«Ճիշտ է` մեր երկիրն այսօր  բրդի  բարձր պահանջարկ չունի,  բայց ոչխարի բուրդը  պարտադիր պետք է խուզել.  նախ, որ պարազիտներից  խուսափեն և որ սար` կենդանիները թեթև բարձրանան»,– ասել է «Ոչխարների խուզման փառատոնի» ժյուրիի անդամ Հովիկ Ավագյանը։

Ժյուրիի անդամը հպարտությամբ հիշել է, որ նախորդ տարի փառատոնին հրավիրված եվրոպացի մասնագետը ոչխարի խուզման միջին ցուցանիշ է արձանագրել, իսկ մեր սյունեցի տղան ռեկորդ է սահմանել` 2 րոպե 30 վայրկյանում ձեռքով կենդանուն ազատել է բրդից` առանց մաշկը վնասելու։ Այս գործում դա համարվում է սենսացիոն արդյունք։

Այս տարվա արդյուքնները պարզ կլինեն հունիսի 8–ին։

Հիշեցնենք`արդեն ավանդական դարձած «Ոչխարների խուզման փառատոնը»  կկայանա  հունիսի 8-ին՝ շաբաթ օրը,  Սյունիքի մարզի, Տաթև համայնքի Խոտ բնակավայրում: Այս տարի նույնպես կանցկացվի խուզի մրցույթ, ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, իսկ արտերկրից ժամանած վարպետը կցուցադրի ոչխարների խուզման իրենց ավանդական մոտեցումները: Վերջում ժյուրին կընտրի  լավագույնին։