Սարգսյանը հյուրընկալել է Շվիդկոյին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նա Հայաստան է եկել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ:

Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը». մանրամասնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը Երևան և Դիլիջան քաղաքներում:

Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Հայաստանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից: