ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik.Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան առաքվող ռուսական զենքի հարցը։ ՀՀ վարչապետն այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Փաշինյանին հարցրել են` շոշափվե՞լ է «Իսկանդերներ» առաքելու թեման։ Նա էլ պատասխանել է, որ Հայաստանում բավականաչափ կա դրանցից, «բայց մենք հույս ունենք ստանալ էլի ինչ–որ բան»։
Փաշինյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ զենքի հույս ունի Հայաստանը, բայց նշել է, որ դա փոքր բան չէ։
ՀՀ վարչապետը խոսել է նաև ռազմատեխնիկական ոլորտի համագործակցության մասին։
«Կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ոլորտում զարգանում են համաչափ», – ասել է նա։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ–ում։ Հայաստանում ռուսական ռազմակայան է գործում։
Հայաստանը դարձել է ռուսական «Իսկանդեր Մ» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրի արտահանման տարբերակի արտասահմանյան առաջին գնորդը։
Երևանը երկու անգամ վարկ է ստացել Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու համար։ 200 միլիոն դոլար արժողությամբ առաջին համաձայնագրի շրջանակում առաքումներն ավարտվել են։
Ներկա պահին ընթացքի մեջ են երկրորդ` 100–միլիոնանոց համաձայնագրով նախատեսված առաքումները։