«Լոխ լավա». Լապլանդիայից Սանտա Կլաուսի «պատվիրակներն» այցելել են Արցախի մանկապարտեզ

Ֆուտբոլիստները Սանտա Կլաուսի անունից ջերմ-ջերմ բարևներ են փոխանցել փոքրիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում այսօր իսկական տոն էր. Սանտա Կլաուսի «պատվիրակները» հյուր էին եկել երեխաներին։ Լապլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը` Սապմին, որն այս օրերին Արցախում մասնակցում է ConiFa 2019-ին, այցելել է Ստեփանակերտում գտնվող մանկապարտեզներից մեկը։ Երեխաները երգով ու պարով են դիմավորել նրանց։

Արևմտյան Հայաստանի հավաքականը եզրափակիչում է. CONIFA-ի օրագիր

Այս մասին պատմող տեսանյութը հայտնվել է Armlink in Russian Instagram–ի էջում։ Տեսանյությում երևում է արցախցի փոքրիկների ոգևորությունը, որոնք Արցախի դրոշը ձեռքներին և ուրախ մանկական երգով են դիմավորել  Սանտա Կլաուսի երկրից եկած ֆուտբոլիստներին։

Լապլանդիա ասելով շատերը հասկանում են Սանտա Կլաուսի նստավայր, ուստի ֆուտբոլիստները Սանտա Կլաուսի անունից ջերմ-ջերմ բարևներ են փոխանցել փոքրիկներին, իսկ երեխաներն էլ միաձայն պատասխանել են «Լոխ լավա»։

Նշենք, որ այս տարի CONIFA-ի ներքո անցկացվող մրցաշարը կոչվում է «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019», որին մասնակցում են հայկական երկու թիմեր՝ Արևմտյան Հայաստանի ու Արցախի հավաքականները: Բացի հայկական թիմերից մրցումներին իրենց մասնակցությունն են բերել նաև Աբխազիայի, Չամերիայի, Սապմիի, Հարավային Օսեթիայի, Պադանիայի և Սեկեյի Լանդի հավաքականները: