«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին

ՀԿԵ–ն հայտարարություն է տարածել և մեկնաբանել, թե ինչու է հրաժարվել որոշ ընկերությունների ծառայություններից, ինչու են մերժված մատակարարները տեղեկատվական արշավ սկսել իրենց դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) անդրադարձել է վերջին շրջանում մամուլում հնչող քննադատություններին։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` այդ արշավն իրենց դեմ սկսել են նախկին գործընկերները, որոնց ծառայություններից ՀԿԵ–ն հրաժարվել է, մասնավորապես` «Լիոն Պրինտինգ Սերվիս» և «Շին Արտս» ՍՊԸ-ները։

ՀԿԵ–ն բացատրում է, որ այդ ընկերությունների մատակարարումներից հրաժարվել է, քանի որ դրանք պարտվել են հայտարարված գնումների մրցույթներում` ավելի ցածր գին և ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին։

«Արդյունքում երկաթուղին սկսել է տնտեսել էական ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են ռազմավարական ուղղությունների զարգացման ֆինանսավորմանը»,– նշում է ՀԿԵ–ն` միաժամանակ հայտարարելով, որ երկաթուղին չի պատրաստվում հրաժարվել ընկերության ֆինանսական արդյունավետության մակարդակի բարձրացման քաղաքականությունից և շարունակելու է գնումներ կատարել մրցութային ընթացակարգերի հիման վրա:

Նշենք, որ «Լիոն Պրինտինգ Սերվիս» ընկերությունը գունավոր տպագրության, իսկ «Շին Արտս» ՍՊԸ-ն շինարարության ոլորտում աշխատող ընկերություն է։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: