Հալեպի մանուկների համար հավաքած խաղալիքները հանձնվեցին հասցեատերերին

Ակցիային միացել և հալեպահայ երեխաներին խաղալիքներ են նվիրել հայտնի մարզիկներ և հայտնի երգիչներ Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։ Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ի Facebook–ի էջից։

Սիրիահայերին սիրում և հարգում են Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը.հյուպատոսն ասաց`ինչու

«Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բեյրո թեմի առաքելական եկեղեցուն։ Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ և որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։ Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության և մարդասիրական առաքելության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

Նշենք, որ ակցիային միացել և հալեպահայ երեխաներին խաղալիքներ են նվիրել հայտնի մարզիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Արթուր Ալեքսանյան,  հայտնի երգիչներ Արամ MP3–ին, Միհրան Ծառուկյանը, դերասաններ, հաղորդավարներ և այլք։

Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել էր Սիրիայի Արաբական Հանրապետություն: