Ողջունելի է, որ վերջապես Փաշինյանը խոսեց բռնության կոչերից, ատելության մթնոլորտից: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
«Մեր երկրում անտանելի է դարձել բռնության քարոզը: Եվ սա պետք է կասեցվի: Չպետք է թույլ տալ Հայաստանում ազգային արժեքների, հաստատությունների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքի սերմանումը, հրապարակային բռնության կոչերը» ,-ասել է Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը հիշեցնում է, որ տևական ժամանակ է այս բոլոր երևույթների մասին դաշնակցությունը ահազանգում է և քննադատում հասարակության սևերի ու սպիտակի բաժանումը, հեղափոխական և հակահեղափոխականի բաժանումը, հանրությանը երկու ճամբարի բաժանումը: Այժմ այս մասին նաև իշխանությունն է բարձրաձայնում, ինչը ողջունելի է:
Հիշեցնենք, կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Վարչապետը հայտարարել էր, որ այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա եւ պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր այդ երեւույթներին: