Երևանի ՏՏ կոնգրեսին կմասնակցեն իսրայելական ընկերություններ. Փաշինյանը հանդիպել է Ահարոնին

Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը:

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:

Ահարոն Ահարոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և իսրայելական ընկերություններին երևանյան կոնգրեսին մասնակցելու հրավերի համար: Նա նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման  մեծ ներուժը և այդ առումով կարևորել մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը: Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի խոսքով` բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ:

Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երևանյան կոնգրեսին իր մասնակցությունը կունենան իսրայելական տարբեր ընկերությունները: Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին և ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը:

Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը և միջպետական պայմանագրի ստորագրումը:

Ռուս զբոսաշրջիկները իրենց շատ լավ են զգում Հայաստանում. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները և կարևորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացումը: