«Բաքվի ոստիկանների և Մխիթարյանի շապիկ հագածների միջադեպերը շատ բան են հուշում». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ադրբեջանցի լրագրողին` ինչպես են Բաքվում դիմավորում հայկական ազգանուններով մարդկանց։ Նա մեկնաբանել է նաև ադրբեջանցի ոստիկանների ու Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիս — Sputnik. ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսուն է համարում «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների ու ադրբեջանցի ոստիկանների մասնակցությամբ տեսանյութը, որում ոստիկանները պահանջում էին հանել մարզիկի ազգանունով շապիկները։ Այս մասին վարչապետն ասել է այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արսենալի» երկրպագուները Բաքվում բախվել են ադրբեջանցիների հետ

Եվրոպայի Լիգայի եզրափակիչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայացել է մայիսի 29–ին՝ Բաքվում։ Հայաստանի հավաքականի ու անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել խաղն ու հրաժարվել էր Բաքու մեկնել` անվտանգության երաշխիքների ոչ բավարար լինելու պատճառով։

Փաշինյանը նշել է, որ չի տեսել Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը ֆուտբոլիստի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, բայց տեսել է այդ տեսանյութը։

«Նրանք պարզապես երկրպագուներ էին, որոնք շապիկներ էին հագել ու հայտնվել էին ադրբեջանական ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ` դա շատ բան է ասում», – ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է, որ հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները, որոնք ուզեցել են Ադրբեջան այցելել, թույլտվություն չեն ստացել։ Մինչդեռ վերջերս ադրբեջանցի լրագրողը Հայաստան էր այցելել ու նրա մոտ ոչ մի խնդիր չէր առաջացել։

Հիշեցնենք` «Արսենալի» երկրպագուները տարբեր ակցիաներ էին նախապատրաստել` Բաքվում կայանալիք խաղի ժամանակ իրենց աջակցությունը Մխիթարյանին ևս մեկ անգամ ապացուցելու համար: Սակայն Ֆուտբոլի եվրոպական գերատեսչությունը «Արսենալի» ղեկավարությանը զգուշացրել էր, որ նման երևույթների առկայության դեպքում «Արսենալը» շատ ծանր տույժերի կարող է ենթարկվել, ընդհուպ՝ մինչև որակազրկում: