ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ջեյմս Ջոնսը Հայաստան է եկել «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Հայաստանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, ինչպես նաև համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ։