ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան այգում մեծ թվով ոստիկաններ մի տղամարդու են որոնել։ Որոշ ժամանակ որոնելուց հետո գտել են նրան, ձեռնաշղթա հագցրել ու ոստիկանական մեքենայով տեղափոխել Նոր Նորքի բաժին։
46-ամյա տղամարդը կասկածվել է ավազակային հարձակում կատարելու մեջ։
Ըստ որոշ տեղեկությունների` նա մոտեցել է այգում զբոսնող մեկ այլ տղամարդու և գլխով հարվածել նրա դեմքին, ինչից հետո պոկել է ոսկե շղթան, որ հափշտակի, բայց տարածքից արագ հեռանալ չի կարողացել։
Մեր տեղեկություններով՝ այդ տղամարդը նախկինում ևս նույնատիպ հանցագործություն է կատարել և դատապարտվել։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։