Սյունիքում աֆրիկյան ժանտախտ է տարածվե՞լ. ինչու են սատկում Սամվել Ալեքսանյանի խոզերը

Վարակի օջախը մեկուսացվել է, սատկած կենդանիները` թաղվել, իրականացվել է տարածքի ախտահանում և կատարվել պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել։ Կենդանիների մոտ աֆրիկյան ժանտախտի ախտանշաններ են նկատվում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով` մայիսին երեք տնտեսությունում ընդհանուր առմամբ 15-20 խոզ է սատկել։ Հիվանդության (ենթադրաբար` աֆրիկյան ժանտախտի) մյուս զոհերը գրանցվել ու շարունակում են գրանցվել խոշոր խոզաբույծի տնտեսությունում։

«Աֆրիկյան ժանտախտի ախտանշաններ կան, բայց փորձաքննության ուղարկած նմուշների արդյունքները հասանելի կլինեն մեկ շաբաթվա ընթացքում», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` խոզերին պահել են ոչ թե փակ, այլ բաց տարածքում. Կենդանիները նաև անտառ են մտել, որ այդ հիվանդության օջախներ կան։ Ըստ Խաչատրյանի` աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ չկա, և համաճարակի բռնկումներ պարբերաբար լինում են երկրի տարբեր մարզերում։

«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են

«Այստեղ որևէ արտառոց բան չկա, այսօր վարակը «թափառում է» Լոռվա մարզում, նույնիսկ Սամվել Ալեքսանյանի տնտեսությունում, որը իր խոզերին պահում է փակ տարածքում, բայց դրանք էլ են սատկում աֆրիկյան ժանտախտից», – պատմեց նա։

Խաչատրյանն ավելացրեց, որ վարակի օջախը մեկուսացվել է, հսկողության տակ է, սատկած կենդանիներին թաղել են, իրականացվել է տարածքի ախտահանում և կատարվել պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները։