Սոցցանցերում վտանգավորության աստիճանի մեծ է անհանդուրժողականությունը. ՄԻՊ–ն անհանգստացած է

Նման միջադեպերը կանխարգելու համար, Արման Թաթոյանի խոսքով, տարբեր միջոցառումներ են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ ինձ համար խիստ անընդունելի ու դատապարտելի են։ Այսօր ԱԺ-ում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի, ապա ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի միջադեպերի հետ կապված։

ՀՀ ՄԻՊ կարծիքով՝ նման իրավիճակներին պետությունը պետք է շատ խիստ ու ժամանակին գնահատական տա։

«Ֆլեշմոբ» ոստիկանությունում. մարդիկ հայտնում են, թե իրենք են ծեծել Վարդան Հարությունյանին

«Գիտեմ`իրավապահ մարմիններում այս գործերի վերաբերյալ վարույթներ կան հարուցված։ Հրանտ Մարգարյանի և մյուս գործերով պետք է լրացուցիչ հարցումներ ուղարկենք, որ հասկանանք, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտված հանգամանքներն ինչին էին վերաբերում։ Բայց սրա հետ մեկտեղ պետք է պաշտպանվի խոսքի ազատության իրավունքը»,- ասաց Թաթոյանը։

Նման միջադեպերը կանխարգելու համար, Արման Թաթոյանի խոսքով, տարբեր միջոցառումներ են իրականացվում։

«Կարծում եմ՝ այսօրվա  բռնության ավելացման վրա ազդում է սոցիալական ցանցերում առկա լարված ֆոնը։ Իրականում, շատ մեծ է անհանդուրժողականությունը, անթույլատրելի է, ավելին՝ վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ աշխատում են նաև լրագրող գործընկերների հետ ենք, որ վիրավորական մեկնաբանություններ հեռացվեն, որ այնպիսի վերնագրեր ընտրվեն, որը շատ էմոցիաներ չառաջացնի և այլն։