Ռուս զբոսաշրջիկները իրենց շատ լավ են զգում Հայաստանում. Փաշինյան

Երևանում և Հայաստանի զբոսաշրջային կենտրոններում լսվում է ռուսաց լեզու, դա շատ ուրախալի է, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանում նկատվում է ռուսաստանցի զբոսաշրջիկների աճ։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը. տեսանյութ

«Ես երբ տեսնում եմ նրանց, անպայման հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում։ Ուզում եմ վստահությամբ ասել, որ Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներն իրենց շատ լավ են զգում։ Եվ ակնհայտ է, որ ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ են գալու մեր երկիր», – ասել է վարչապետը։

Նա նշել է, որ հիմա Հայաստանում ամենուրեք` մայրաքաղաքում և զբոսաշրջային կենտրոններում, կարելի է լսել ռուսաց լեզուն։

«Դա շատ հաճելի է», – ասել է Փաշինյանը` հավելելով, որ դա ոչ միայն տնտեսական հարց է, այլ նաև մշակութային, մարդասիրական կապերի։

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենահայտնի ուղղություններից է։ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում զբոսաշրջիկների քանակով, որոնք այցելել են Հայաստան։ 2018թ–ին Հայաստան է այցելել ՌԴ 684 հազար քաղաքացի։