ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ Բակո Սահակյանն ասել են, որ մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե վարչապետն ասել է, որ ինքն է բանակցային գործընթացի մասին տեղյակ պահել Արցախի իշխանություններին։
«Յուրաքանչյուր բանակցությունից առաջ կամ հետո, իսկ երբեմն` և՛ առաջ, և՛ հետո մենք աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ։ Ես անձամբ շատ սերտ կապի մեջ եմ և շատ սերտ համագործակցում եմ Արցախի իմ գործընկերոջ` Մասիս Մաիլյանի հետ, նաև նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նույնը վերաբերում է վարչապետին։ Մենք ունենք հստակ ձևաչափ միասին աշխատելու, որն արտահայտում է նաև մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը` բանակցություններին Արցախին ներգրավվելուն և նրա որոշիչ ձայնին»,–ասում է նախարարը և նշում, որ թեպետ հարցը բարդ է, բայց սկզբունքային և կարևոր է, որովհետև առանց Արցախի որոշիչ ձայնի արդյունավետ առաջընթաց չի լինի։
Մնացականյանը հիշեցնում է` Հայաստանի համագործակցությունն Արցախի հետ եղել և մնում է շատ սկզբունքային։
«Մենք ունենք մեր հարցերը, մեր տարբեր մոտեցումները, Արցախն էլ ունի իր դիրքորոշումները, իր մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մաիլյանի և Բակո Սահակյանի կողմից, և այդ ամենը մենք քննարկում ենք, տեսնում ենք` ինչը հնարավոր է, ինչը` ոչ»,–ընդգծեց նախարարը։
Պատասխանելով լրագրողների` հող ծախելու մասին հարցին, Մնացականյանն ինքը հարց ուղղեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում` իշխանությունն անի մի գործառույթ, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին և ենթադրի, որ այդ ամենը հնարավոր է ամրագրել պայմանավորվածությամբ, չի կարող այդպիսի բան լինել։ Հող ծախելու հարցերն ընդհանրապես քննարկման ենթակա չեն»։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունի շատ ավելի բաց հասարակություն, որտեղ շատ բաներ քննարկվում են, շատ բաներ քննադատվում են։ Բայց բաց լինելը պետք է չէ շփոթել այլ բանի հետ և կիրառել իշխանության դեմ։
Հիշեցնենք, որ հունիսի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում ելույթի ժամանակ ասել էր, որ Արցախի ներկա ղեկավարներին ինքն է անձամբ փոխանցել բանակցային փաստաթղթերը: Մինչ այդ նրանք տեղյակ էլ չեն եղել, թե Հայաստանի նախագահն ինչ հարցերի շուրջ է բանակցում Ադրբեջանի պաշտոնակցի հետ:
Ի պատասխան Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել էր, որ նախկինում ևս Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ ու դրանցից հետո Հայաստանի իշխանություններն Արցախիղեկավարությանը տեղյակ են պահել քննարկվող հարցերի ու վերջին զարգացումների մասին: