ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Մարտի 1»-ի քրեական գործով սպանության կասկածանքով ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նաև նշեց, որ քննչական մարմինը Գեղամ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հիշեցնենք` հունիսի 4-ին ՀՔԾ–ն հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը: