Կոնսերվատորիայի նոր ռեկտորն առաջին «պահանջը» ներկայացրեց կառավարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը վստահեցնում է, որ պետությունը մշտապես աջակցելու է բուհերում փոփոխություններ անող ղեկավարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Երևանի կոնսերվատորիայի նորընտիր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հուսով է, որ կառավարությունը կաջակցի կոնսերվատորիայում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու հարցում, քանի որ բուհը 1970- ականներից չի հիմնանորոգվել։ Նա այս մասին ասաց կառավարության այսօրվա նիստում։

Մայիսի 14-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր ընտրվեց «Հովեր» երգչախմբի հիմնադիր ղեկավար, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը։ Բուհի խորհրդի այս որոշումն այսօր հաստատեց նաև ՀՀ կառավարությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նիստի ընթացքում հայտնեց, որ Սոնա Հովհաննիսյանին ձայն է տվել խորհրդի անդամներից 15-ը, մյուս թեկնածուին` Վաղարշակ Հարությունյանին` 8-ը։

«Վեց ամիս նա եղել է ռեկտորի պաշտոնակատար, և այդ ընթացքում բուհում փոփոխություններն ակնհայտ են։ Դա ֆիքսում են թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, թե՛ արվեստագետները։ Կարծում եմ` առաջիկա 5 տարիների ընթացքում փոփոխություններն էլ ավելի ակնհայտ կլինեն»,– ասաց Հարությունյանը` հավելելով, որ պետությունը նման փոփոխություններ անող ղեկավարներին մշտապես աջակցելու է։

Կառավարության անդամները շնորհավորեցին նիստին ներկա նորանշանակ ռեկտորին։