Կառավարությունը կմարի «Նորավանք» հիմնադրամի ավելի քան 16 միլիոն դրամ պարտքը

ՀՀ կառավարությունը ստիպված է վճարել հիմնադրամի կես տարվա պարտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը 16 438 879 դրամի պարտք ունի, որը կմարի Հայաստանի կառավարությունը։ Այդ մասին որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա նիստում։

Հայաստանում ձևավորվում են սևազգեստ խմբեր. Փաշինյանը հանձնարարեց ծաղկավոր «բաբոչկա» կապել

Պարտքը գոյացել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո` աշխատակիցների աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի, կապի ծառայությունների չվճարման հետևանքով և ձևավորված տույժերի մասով։

Պարտքի վերաբերյալ տեղեկանքը կառավարությանն է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենը։

Կառավարությունը որոշեց պետական բյուջեի միջոցներից հատկացնել 16 438 879 դրամ` հաշվի առնելով, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործունեությունն իրականացվել է գերազանցապես ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից հիմնադրամի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից դադարեցվել էր։ Մարտի 8-ին որոշվել էր լուծարել հիմնադրամը, բայց հոգաբարձուների խորհուրդը դիմել էր դատարան` բողոքարկելով կառավարության այդ որոշումը։ Այդ հիմքով որոշման կատարումը հետաձգվել է մինչ դատարանի վերջնական որոշման կայացումը։

Հիշեցնենք` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել էր ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ին։