Ինչու է երեխան լացում. արհեստական բանականությունը կճանաչի նորածնի լացը

Նոր ալգորիթմը կարողանում է զանազանել երեխայի լացի նրբերանգները, ինչը կարող է օգնել բժիշկներին ու ծնողներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ամերիկացի մաթեմատիկոսները ստեղծել են մի ալգորիթմ, որն ընկալում է երեխայի լացն ու ճիչը և հասկանում՝ ինչ է նա ուզում իր ծնողից կամ դաստիարակից: Գիտնականների եզրահանգումները հրապարակվել են Journal of Automatica Sinica-ում:

Ռոբոտին սովորեցրել են կրկնօրինակել մարդու ձեռագիրն ու նկարել Մոնա Լիզային. տեսանյութ

Ալգորիթմը կարողանում է զանազանել «առողջ» և «հիվանդ» ճիչերը: Դրա համար արհեստական բանականությանը սովորեցրել են ճանաչել, վերլուծել և դասակարգել մարդու ազդանշանները: Ալգորիթմի ստեղծման համար գիտական խումբն ուսումնասիրել է երեխաների լացի «շաբլոնները»։

Ալգորիթմը նախագծող գիտնականներից մեկը՝ Լիչուան Լյուն, հայտարարել է, որ իրենց ստեղծած արհեստական բանականությունը կարողանում է բացահայտել թաքնված խնդիրները, որպեսզի ծնողները ճիշտ ժամանակին օգնության հասնեն: Մաթեմատիկոսների ստեղծած ալգորիթմը հնարավոր կլինի կիրառել բժշկական պրակտիկայում, և բժիշկները դրա օգնությամբ կտարբերակեն պոտենցիալ անոմալիա «պարունակող» լացը։

Հիմա գիտական խումբը համագործակցում է հիվանդանոցների ու բժշկական հետազոտությունների կենտրոնների հետ, որպեսզի ալգորիթմը կատարելագործելու համար ավելի շատ տվյալներ հավաքի: Թե ինչ տեսքով են պատրաստվում ներկայացնել արհեստական բանականությամբ նոր օգնականին, գիտնականները դեռ լռում են: