«Իմ տանը էնքան չապրած կյանք կա». Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Հայտնի դերասանուհին գրել է կարոտի ու դրա մեջ փաթաթված կյանքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հանրահայտ հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հոր մահից 2 շաբաթ անց հուզիչ գրառում է արել Instagram–ի իր էջում։

«Իմ տանը վառվող խունկի ծխերի ու հիշողության մշուշների մեջ էնքան չապրած կյանք կա, էնքան կարոտ, որ դրանցով ցավերիս խոր ակոսներն անգամ կլցվեն... Խունկերի ու կարոտների մեջ փաթաթված կյանք... Մարդիկ էսքան կարոտների մեջ ո՞նց են ապրում, լավ...»,– գրել է նա։

Նազենին գրառմանը կցել է #սևսիրտ #սևազգեստ հեշթեգերը։

Հոր մահից յոթ օր անց նա մեկ այլ գրառում էլ էր արել` նշելով, որ իր մեջ կուտակված ասելիք կա, բայց չի կարողանում ասել, հետո պատմել էր հոր մասին։

«Պապաս պաշտում էր Հայաստանը: Մեր Օհանավանի այգու մի ծառի համար կենաց- մահու պայքար կտար, ինձ անսահման սիրելով հանդերձ չէր լքում իր ծառերը, հավերին, նապաստակներին, շան կերը, որ պիտի հասցներ, կանաչները, որոնք ժամանակին ջրել էր պետք... Էդպես էլ մեզ հետ չեկավ հանգստի... իր հանգիստն իր այգին էր ու իր ընտանիքը` Հայաստանում: Հայրս իսկական հայ էր ու քրիստոնյա: Իմ լավագույն ընկերն էր ու իմ ճանաչած լավագույն տղամարդը: Սրտիս մնացած կտորները ժայռ են դարձել առանց նրա: Միշտ ամուր ու պինդ էր, կոկիկ, անսասան եւ անտրտունջ, ներսից` փոթորիկ»,– գրել էր նա:

Նազենին նշել էր, որ հայրն անմնացորդ նվիրումով էր վերաբերվում աղջիկներին։

«Երբ ես մեծացա ու դուրս եկա «մեծ» աշխարհ, շատ ծանր էի տանում այդ «աշխարհների» տարբերությունը. պարզվեց, որ տղամարդիկ հայհոյում են, հայրերն առավելապես թքած ունեն շատ պարտավորությունների վրա ու աղջկասեր չեն, որ երեխայի վրա գոռալը նորմալ է, որ կնոջը չմեծարելը հասարակ բան, որ իր անձի ու միջավայրի նկատմամբ մաքրասիրությունը «ձև» է, որ դասական երաժշտություն իմանալն ամոթ է ու դուստրերի հետ բակում որևէ խաղ խաղալը` խայտառակություն: Նորքի բարձունքում մեզ մեծացրած ծնողներս Փոքրիկ իշխանի պես ջրում ու խնամում էին հատուկ կերպ, որ խուլիգանական - բակային «դաստիարակությունը» չդառնա դոմինանտ ու չխեղի մեր իսկական էությունը: Մեզ ջրում էին սիրով, խոնարհությամբ ու կողքինի նկատմամբ ընդգծված հարգանքով....Էսօր հայրիկիս հուղարկավորությունից անցավ 7 օր»,– նշել էր դերասանուհին:

Նազենին ավելացրել էր, այդ յոթ օրվա մեջ նորից հասկացել է, թե որքան անչափելի է իսկական, հզոր ծնողական սերը։

Հիշեցնենք` մայիսի 24-ին Նազենի Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայրը մահացել է։