Հայկական ապրանքն ավելի հեշտ Չինաստան կհասնի. նախարար

Ստուգումները մաքսակետերում կհեշտացվեն ու կարագացվեն։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի բոլոր կողմերի վավերացումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում` Հայաստանի ապրանքներն ավելի հեշտ կհասնեն Չինաստան։ Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին ԵԱՏՄ–ի ու Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել։ Այս տարվա ապրիլին Հայաստանը վավերացրել է այդ համաձայնագիրը։

Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը

Կողմերը մաքսային տուրքերի հարցում զիջումների չեն գնացել։ Բայց ոչ սակագնային միջոցների հարցում (սանիտարական հսկողություն, որակի սերտիֆիկատներ և այլն) բարենպաստ կանոններ են սահմանվել։ Այլ կերպ ասած` ԵԱՏՄ երկրներից գնացած ապրանքը Չինաստան կմտնի եթե ոչ ավելի էժան գնով, ապա գոնե ավելի արագ։ Նույնը` Չինաստանից ԵԱՏՄ երկրներ։

Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի բոլոր կողմերի վավերացումից հետո։

Նախատեսվում է, որ մինչ 2019 թվականի վերջը կավարտվեն ԵԱՏՄ–Սինգապուր նման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։ Ընդ որում` այս համաձայնագրում քննարկվելու է աջակցությունը ոչ միայն ապրանքներին, այլև ներդրումներին։

ԵԱՏՄ–ն առևտրատնտեսական համաձայնագրերի վերաբերյալ բանակցություններ է վարում Հնդկաստանի, Իսրայելի, Եգիպտոսի, Սերբիայի հետ։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այդ բանակցություններին։