ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik.Հայաստանի և Արցախի միասնականության վրա որևէ մեկը չպետք է կասկած ունենա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մեր ներսի քննարկումները կարող են շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնականությունը, խորհուրդ կտամ՝ չսխալվել»,– ասաց նա։
Մնացականյանը հիշեցրել է, որ այդ միասնականությունը երկու հայկական պետությունների միջև արտահայտվել է 1991 թվականից ի վեր, վերջին անգամ՝ 2016 թվականի ապրիլին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքն առաջինն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել բանակցային պրոցեսի ներկա վիճակն ու բոլոր բանակցային փաստաթղթերը։ Փաշինյանը նաև շեշտել էր, որ իր համար անհասկանալի է, որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ «տակից հրահրում են»` Ֆեյսբուքում գրառումներ անելով, թե Հայաստանի կառավարությունը հողեր է ծախում։
Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախում դավադիր ուժերն ու վտանգները կառավարվում են ու արմատախիլ կարվեն:
Նույն օրը «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանել էր Փաշինյանին` ասելով. «մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում»:
Արցախի նախագահը վերահաստատել էր նախկինում արած իր հայտարարությունն այն մասին, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են: