Գազամատակարարումն ավելի անվտանգ կլինի. «Գազպրոմ Արմենիան» սահմանը շրջանցող գիծ կկառուցի

Նոր գիծը գազատարը կհեռացնի Ադրբեջանի սահմանից և կբարձրացնի Հայաստանի ուղղությամբ գազամատակարարման անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» կսկսի գազատարի համար շրջանցող հատված կառուցել Վրաստանի և Ադրբեջանի սահմանից հեռու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ և գլխավոր ինժեներ Աշոտ Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ կլինեն. պաշտոնյան հայտնել է` քանի մարդ կկրճատվի

Հակոբյանն ավելացրեց, որ այդ հարցը երևի կուսումնասիրի հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովը, որը նիստ կանցկացնի Դիլիջանում հունիսի 27-28–ը։

Հայկական կողմն իր տարածքում իրականացրել է գազատարի հետ կապված բոլոր ուսումնասիրությունները։ Այժմ պետք է քննարկել վրացի գործընկերների հետ, թե նրանց կողմից որտեղից կարելի է նոր գիծ անցկացնել Հայաստան։ Նման պահուստային երթուղով գազամատակարարումն ավելի հուսալի կդառնա, քանի որ գործող գազատարի մի մասը մոտ է ադրբեջանական սահմանին։

«Ինչ վերաբերում է մեր գազատարի տեխնիկական հուսալիությանը, ապա դրանում մենք համոզված ենք։ Բազմաթիվ անգամ ստուգել ենք մետաղը։ Արդյունքները բավարար էին», – հայտնեց Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիան» Հայաստանում բնական գազի բաշխման օպերատորն է։ Վրաստանի սահմանով հանրապետություն է մատակարարվում ռուսական գազը։

2018 թվականին Հայաստան է առաքվել մոտ 2,5 մլրդ խմ գազ, որից 567 միլիոնը` Իրանից, մնացածը` Ռուսաստանից։