ԵՄ–ն Հայաստանին 65 մլն եվրո աջակցություն կտրամադրի

Աջակցության ծրագրերի շրջանակում ԵՄ–ի` Հայաստանին հատկացրած գումարն ավելի շատ է, քան անցած տարիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Եվրամիությունը տեխնիկական աջակցության շրջանակում 65 մլն եվրո կտրամադրի Հայաստանին։ Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի խոսքով` սա Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի դրսևորումներից մեկն է։

«2019 թվականին Հայաստանի աջակցման գումարը կկազմի 40 մլն եվրո։ Սրան ավելանում է ևս 25 մլն Umbrella funds–ի շրջանակում։ Ընդհանուր առմամբ, մեզ 65 մլն կհատկացնեն», – ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` այս թիվն էապես աճել է 2018–ին` հատկապես 2017 թվականի համեմատ։

Մնացականյանը խոսեց նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ծրագրի մասին։

Նշենք, որ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 երկրների վավերացումից հետո։ Միևնույն ժամանակ, կողմերի համաձայնությամբ, 2018 թվականի հունիսի 1-ից դրույթների 80%–ը ուժի մեջ է մտել։