ԱՄՆ–ում կալանավորել են 25 մարդու սպանած բժշկին

Ուիլյամ Հյուզելը հիվանդներին մահացու չափաբաժնով ցավազրկող է ներարկել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը պարզապես գթասրտություն է դրսևորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ամերիկայի Օհայո նահանգի բուժհաստատություններից մեկում աշխատած բժիշկ Ուիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել 25 մարդու սպանության համար։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։

Նշվում է, որ Հյուզելը հիվանդներին սպանում էր մահացու չափաբաժնով ցավազրկող դեղամիջոցներ ներարկելով։

Ոմանք էլ այլ բժիշկների պատճառով են մահացել. նրանք կատարել են իրենց ղեկավարի հանձնարարությունը, բայց պատասխանատվության չեն ենթարկվել։

Բոլոր դեպքերը տեղի են ունեցել 2015-2018 թվականներին։ Հիվանդներից շատերը միացված են եղել արհեստական շնչառության սարքին և պալիատիվ օգնություն են ստացել։

Հյուզելն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը չի ցանկացել սպանել, այլ գթասրտություն է դրսևորել` հիվանդին ազատելով անհավանական տառապանքից։

Անցած տարվա դեկտեմբերին Հյուզելին Մաունթ–Քարմել հիվանդանոցում ազատել էին աշխատանքից։ Այնտեղ նա աշխատել էր 5 տարի։ Օհայո նահանգում նրան նաև զրկել են բժշկական արտոնագրից։

Բժիշկի և բուժհաստատության նկատմամբ ավելի քան 2 տասնյակ դատական հայց է ներկայացվել։ Հիվանդանոցը հրապարակավ ներողություն է խնդրել, իսկ որոշ դեպքերում զգալի փոխհատուցում է վճարել մահացածների հարազատներին։