Ադրբեջանի զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում. Մնացականյան

Ադրբեջանը զորավարժություններ անցկացնելու մասին չի տեղեկացրել ժամանակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախաձեռնած առաջիկա զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

«Ադրբեջանի՝ առանց հայտարարելու սկսած զորավարժություններն արդյոք դեմարշ չե՞ն: Ոչ թե ՀՀ կամ ԼՂՀ նկատմամբ, այլ միջազգային հանրության և մի շարք միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ Չե՞ք պատրաստվում դիմել ՄԱԿ-ի խորհրդին Ադրբեջանի դոսյեն այս մասով վերանայելու համար»,- հարցրեց պատգամավորը։

«Յուրաքանչյուր հարց իր ձևաչափերն ու կոնկրետ հարթակներն ունի։ Այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է, և դրա շրջանակում հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելու համար»,- պատասխանեց Մնացականյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։