«Տարօրինակ տնտեսություն». ի՞նչն է մտահոգել Արթուր Ջավադյանին

Տարեսկզբից ի վեր Կենտրոնական բանկը ձեռք է բերել մոտ 90 միլիոն դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի արժույթային շուկայում դոլարի նկատմամբ բարձր առաջարկը մտահոգել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։ Այդ մասին նա ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018թ–ի Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

ՀՀ տնտեսությունն ունի լավ տրամադրություն. Փաշինյանը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները

«Հայկական արժութային շուկայում դոլարի անսպասելի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում»,– ասաց նա:

Նրա խոսքով` արժույթի շուկայում, ըստ տրամաբանության, պետք է նկատվի որոշակի ճնշում (քիչ դոլար, շատ դրամ. խմբ.)։

Սակայն իրավիճակը հակառակն է` արժութային առաջարկը գերազանցում է պահանջարկը։ Ջավադյանը նշեց, որ տարեսկզբից ի վեր ԿԲ–ն ձեռք է բերել մոտ 90 միլիոն դոլար։ Նրա խոսքով` գարնան ընթացքում աճած առաջարկը մնում է նույն մակարդակում։

«Նշանակում է, որ կան երևույթներ, որոնք խոր ուսումնասիրության կարիք ունեն», – ասաց Ջավադյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Ջավադյանը, մասամբ այդ ֆենոմենը կարող է պայմանավորված լինել փոխանցումների ծավալի ավելացմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ–ում մաքսային սահմանների բացակայությամբ։

Բացի դրանից, նա վստահ է, որ բարձրացել է չգրանցված փոխանցումների ծավալը, քանի որ բանկերում միջնորդավճարից խուսափելու համար մարդիկ կանխիկ փողն իրենց հետ են բերում։

Հեղափոխությունն առայժմ կարգախոսների տեսքով է. տնտեսության խոցելի կետերն՝ ըստ փորձագետների

Այդուհանդերձ, ըստ ԿԲ ղեկավարի, երկրում նվազում է տնտեսության դոլարիզացիան։

«Ես պատրաստ եմ ներկայացնել իմ մտքերը», – ասաց Ջավադյանը` հավելելով, որ չի ցանկանում հրապարակավ անել դա։

Նա պատրաստակամություն հայտնեց հաջորդ շաբաթ հարցը քննարկել փակ ձևաչափով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր հերթին կատակով նշեց, որ Հայաստանում «տարօրինակ տնտեսություն» է, որը չի ենթարկվում օրենքներին, հատկապես` տնտեսության։