Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը 150 էջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում»,–գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում։

Ամուլսարի փորձաքննության պատասխանը կուղարկվի Քննչական կոմիտե. Ավինյան

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։