Փոխանակել տեղեկատվությունն ու փորձը. Կիպրոսի, ՀՀ–ի և Հունաստանի հայտարարությունը

Երեք երկրների ԱԳ նախարարները համաձայնել են, որ երկրների ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020թ. հունվարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները, առաջիկա ամիսների ընթացքում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը: Նման համաձայնության են եկել Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի միջև կայացած եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ կողմերը։

Թավշյա հեղափոխությունը Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունների վրա չի ազդի

Այսօր Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի ԱԳ նախարար Ջորջ Կատրուգալոսը հանդիպել են Նիկոսիայում և որոշել հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։

«Նախարարները մտքեր են փոխանակել Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրառման շուրջ»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Քննարկվել է նաև Եվրամիության և ՀՀ միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունն են հայտնել այս հարաբերությունների ամրապնդմանը։

Նախարարները համաձայնել են, որ երկրների և/կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով առաջին գագաթաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020թ. հունվարին: