Փաշինյանը պարզաբանեց` ինչու է շտապել հետ գալ Նուր-Սուլթանից և չի կանգնել կարմիր լույսի տակ

Վարչապետը փորձել է հասցնել ներկա լինել այդ օրը խորհրդարանում նախանշված կառավարության հետ հարցուպատասխանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց, թե ինչու էր մայիսի 29-ին շտապում վերադառնալ Ղազախստանի մայրաքաղաքում ընթացքող ԵԱՏՄ նիստից:

Պարզվում է` պատճառը ԱԺ նիստն է եղել: Վարչապետը նշեց, որ փորձել է հասցնել ներկա լինել այդ օրը խորհրդարանում նախանշված կառավարության հետ հարցուպատասխանին:

Դատական համակարգն ինքն է արձանագրել իր ճգնաժամի մեջ լինելը. Փաշինյան

«Ես այնտեղից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ ԱԺ հարցուպատասխանին հասնեմ: Սովորաբար լուսացույցների կարմիր լույսի տակ կանգնում եմ: Այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ հասնեմ ԱԺ հարցուպատասխանին: Երբ արդեն հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասեցին` պատգամավորները, չգիտեմ ինչու, իրենց հարցերը հանեցին, մնացել է մի պատգամավոր, ձեր գալն անիմաստ է: Այնպես որ ես չհասցրեցի»,- պատմեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 29–ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում մասնակցում էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Այդ օրը հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին, չեղարկվել է նաև Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը: Ավելի ուշ վարչապետի մամուլի խոսնակը հերքեց այս տեղեկությունը։