ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Քաղաքական վայրիվերումներով լի 2018թ.-ին կառավարությանը հաջողվել է ապահովել 5.2 տոկոս տնտեսական աճ` բյուջեում կանխատեսվող 4.5 տոկոսի փոխարեն: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ահա այսպիսի քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ.-ի բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը` ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ: Գնաճը 2018թ-ին, ըստ հաշվետվության, ցածր է եղել:
«Ես հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում ու սոցցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր: Շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում: Կանխատեսվում էր,որ մենք կունենանք գնաճային ցնցումներ` դրանից բխող ռիսկերով: Բայց մեզ հաջողվեց զսպել գնաճը, և մենք հակառակը`տարեվերջին ունեցանք մի փոքր գնանկում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով` մակրոտնտեսական կայունությունը Հայաստանում հնարավոր է եղել պահպանել երկու հիմնական գործոնների շնորհիվ` ՀՀ-ում կան կայացած ինստիտուտներ, որոնք անկախ քաղաքական իրավիճակից, ապահովեցին պետական ապարատի գործունեությունը և երկրորդը` 2018-ին տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթը: