Նա չի հեռացվել աշխատանքից. Վանեցյանը` Արզուման Հարությունյանի մասին

ԱԱԾ տնօրենն ԱԺ–ում խոսել է Գագիկ Հարությունյանի եղբոր` ԱԱԾ տնօրենի տեղակալի հրաժարականի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Արզուման Հարությունյանը ԱԱԾ լավագույն, պրոֆեսիոնալ սպաներից մեկն է, ազնիվ գեներալ: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով նրա հրաժարականի մասին հարցին:

ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի փաստով քրեական գործ չի հարուցվել. Վանեցյանն ասաց` ինչու

«Նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ ներկայացրել է կենսաթոշակային տարիքը լրանալու և երկարաժամկետ ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատման  դիմում, որը բավարարվել է և նա ազատվել է աշխատանքից»,- ասաց Վանեցյանը:

Ինչ վերաբերում է նրա հրաժարականը եղբոր` ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` նույն օրը հրաժարական ներկայացնելու հետ կապելուն, Վանեցյանը չցանկացավ այս մասին մեկնաբանություն անել:

«Իհարկե, պետք է պարոն Հարությունյանի փոխարեն նշանակվի նոր տեղակալ»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ ընթացակարգը ենթադրում է, որ ցանկացողները կարող են այդ թափուր տեղի համար դիմել ԱԱԾ:

«Օրենքն այլ ընթացակարգ չի նախատեսում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նախկին ՍԴ նախագահ և նախկին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։