Մարզական մրցաշարերը քաղաքականացնելը հակասում է ՄԱԿ կանոնադրությանը. Զախարովան`Բաքվի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի հետևել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, բայց համոզված է, որ սպորտը պետք է նվազեցնի երկրների միջև լարվածության մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Սպորտային միջոցառումների քաղաքականացումն, ընդհանուր առմամբ, հակասում է միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, ՄԱԿ կանոնադրությանը, ինչպես նաև երկրների միջև երկկողմանի և բազմակողմանի պայմանավորվածություններին։

Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է այսօր, ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով Եվրոպայի լիգայի եզրափակչին անվտանգության նկատառումներով Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին հարցին։

Մխիթարյանի միջադեպը պետք է ակտիվացնի Ղարաբաղի հարցով բանակցությունները. Գասպարյան

Հիշեցնենք` մայիսի 29–ին Բաքվում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը անգլիական «Արսենալ» և «Չելսի» ակումբների միջև։ «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու և չի մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Զախարովան չի հետևել իրավիճակին, թեև աչքով ընկել է ԶԼՄ–ներում այդ թեմայով նյութերը։ Միաժամանակ,  նա նշել է, որ մարզական միջոցառումները կոչված են նաև նվազեցնել երկրների միջև լարվածության աստիճանը։

«Սպորտը միտված է միավորելու, այլ ոչ բաժանելու», – ասել է Զախարովան։

Նրա կարծիքով` լավ կլիներ, եթե հասարակական կազմակերպությունների, պետությունների ուժերով կարելի լիներ վերականգնել մարզական միջոցառումների ժամանակ ռազմական գործողությունները դադարեցնելու փորձը։

Ի պատասխան լրացուցիչ հարցի, թե կարելի է արդյո՞ք Բաքուն վտանգավոր քաղաք համարել, Զախարովան ասել է, որ ինքը չի կարող նման բան պնդել։ Նա խոստովանել է, որ հաճույքով գնում է այնտեղ։

«Ուրիշ հարց է, որ ես ֆուտբոլ չեմ խաղում», – ասել է Զախարովան։

Մխիթարյանի հետ կապված սկանդալը լայն արձագանք է գտել ֆուտբոլային աշխարհում։ Մասնավորապես, ոլորտի շատ ականավոր ներկայացուցիչներ սուր քննադատության են ենթարկել ՈՒԵՖԱ–ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման համար։