ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Երևանում 55–ամյա տղամարդը փակի տակ է պահել 20–ամյա աղջկան և արգելել է իր տնից դուրս գալ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ`հունիսի 4–ին Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում փակի տակ պահվող մի աղջկա ազատել են հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները։
Ըստ շենքում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ միայնակ ապրող 55-ամյա տղամարդը 20-ամյա աղջկա հետ, որն Արտաշատի բնակիչ է, հետ ծանոթացել է վաղ առավոտյան մայրաքաղաքի կենտրոնում, որից հետո միասին եկել են տղամարդու տուն։ 10 ժամից ավելի նրան պահելուց հետո, տղամարդը պահել է բանալին և թույլ չի տվել աղջկան տնից դուրս գալ։ Արդյո՞ք տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ, թե ոչ` կպարզվի համապատասխան փորձաքննությունների արդյունքում։
Երեկոյան արդեն աղջիկը դուրս է եկել պատշգամբ ու օգնություն խնդրել շենքի բնակիչներից, նաև փորձել է երկրորդ հարկից իջնել փողոց ու փախչել։ Հարևանները դիմել են իրավապահներին ու ներկայացրել իրավիճակը։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հրշեջ փրկարարներն ազատել են աղջկան։ Մեր տեղեկություններով՝ աղջիկը վերադարձել է իրենց տուն։