ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված որևէ սահմանափակում չկա։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:
«ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ։
Ռուսաստանից ու Ղազախստանից Հայաստան գումար ուղարկելու խնդիր չկա. ԿԲ նախագահ