«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են

Գաղտնիք չէ, որ «Սանիթեքը» ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այս օրերին աղբահանությունը չի իրականացնում հավուր պատշաճի. մասնագետները խոսել են կուտակված աղբի վտանգների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եթե աղբը ժամանակին չի տեղափոխվում և մնում է հանրային վայրերում բարձր ջերմային ֆոնի ժամանակ, վտանգավոր տարբեր պրոցեսներ են տեղի ունենում։ Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

«Աղբը, որն իր մեջ պարունակում է օրգանական մեծ քանակ` սննդամթերքի մնացորդներ, սկսում է հրապուրել կենդանիներին` շներին, միջատներին, թռչուններին, որոնք սնվում են դրա մնացուկներով։ Վերոհիշյալ բոլոր կենդանիները, աղբի մնացորդներով սնվելով, տարատեսակ հիվանդություններ կրող և փոխանցող են դառնում, օրինակ` ճանճերն աղիքային վարակի միկրոբներ են տեղափոխում»,–ասաց Բակունցը` հավելելով, որ դրա համար էլ հատկապես այս սեզոնին պետք է թույլ չտալ աղբի կուտակումներ։

Հարցին, թե գաղտնիք չէ, որ «Սանիթեքը» ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այս օրերին աղբահանությունը չի իրականացնում հավուր պատշաճի, ի՞նչ պետք է անել այս դեպքում` Բակունցը պատասխանեց, որ պետք է քաղաքացիներն էլ իրենց հերթին քայլեր ձեռնարկեն։

Երևանի քաղաքապետարանը սկսել է «Սանիթեքի» փոխարեն հավաքել աղբը. տեսանյութ

Նրա խոսքով` չի կարելի կենցաղային աղբը մեծ աղբամանների փոխարեն թափել փողոցներում դրված փոքր աղբամանների մեջ` տարածքը վերածելով աղբավայրի։ «Չնայած, իհարկե, ոչ ոք չի կարող չնկատել «Սանիթեքի» վատ աշխատանքը»,–ասաց նա։

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38–ից +39 աստիճանի, ինչն աննախադեպ է այս ժամանակահատվածի համար։ Հիշեցնենք, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ մեր օդերևութաբանական պատմության ընթացքում հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։