Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելիքյանը՝ փոխչեմպիոն, Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 72կգ քաշային կարգի եզրափակիչում բացարձակ առավելությամբ Մալխաս Ամոյանը, ժամանակից շուտ առավելության հասնելով ռումինացի Միհայ Պետիկի նկատմամբ, նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը:

Հրաչյա Պողոսյանին՝ բրոնզ, իսկ Ամոյանն ու Մելիքյանը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը

 

Իսպանական Պոնտևերդա քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, այսօր պայքարը ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայ ըմբիշներից առաջինը մեդալի համար պայքարի մեջ մտավ Սահակ Հովհաննիսյանը: 60կգ քաշային հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ոչ մի շանս չտվեց ուկրաինացի Միրոսլավ Սոլովիանին, հաղթանակի հասնելով 9:0 հաշվով:

Սպասելիքների մեծ էին Հայկ Մելիքյանից: Մեր ըմբիշը 67կգ քաշային կարգում մինչև եզրափակիչ հասնելը մեծ առավելությամբ հաղթել էր իր մրցակիցներին: Բայց եզրափակիչում Մելիքյանը չկարողացավ դրսևորել իր իրական ունակություններն ու պարտվեց վրացի Գիորգի Շոթաձեյին՝ դառնալով Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Հրաշալի գոտեմարտ անցկացրեց Մալխաս Ամոյանը: Հայ ըմբիշի առավելությունը մրցակցի նկատմամբ զգացվեց հենց սկզբից, ու Ամոյանը ութ անընդմեջ միավոր վաստակելով՝ ժամանակից շուտ ապահովեց հաղթանակը 8:0 հաշվով:

Այսպիսով՝ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Կարծում ենք սա լավ արդյունք է և մենք շատ լավ սերունդ ունենք ապագայի համար:

Վաղը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: